Գերմանիայում պետական հեղաշրջման նախապատրաստման դեմ հատուկ գործողություն են անցկացրել

Աննա Կոստանյան 7.12.2022 - 15:24
7.12.2022 - 15:24 դիտում

Գերմանիայի ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություն Է անցկացնում աջ ծայրահեղականների դեմ, որոնք նախատեսում էին գրոհել Բունդեսթագը և իրականացնել պետական հեղաշրջում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է РИА Новости գործակալությունից:

Այսպես, հատուկ նշանակության ուժերը գործում են միաժամանակ տասնմեկ դաշնային երկրամասերում: Գերմանիայի գլխավոր դատախազի և քրեական ոստիկանության դաշնային գերատեսչության հանձնարարությամբ ձերբակալվել Է 25 տղամարդ և կին, որոնք կա՛մ աջ թևի ահաբեկչական կազմակերպության անդամներ են, կա՛մ աջակցում են դրան: Ինչպես հաղորդել է Spiegel հանդեսը՝ վկայակոչելով աղբյուրների, կասկածյալները, մասնավորապես, պլանավորում Էին «զինված հարձակում իրականացնել Բունդեսթագի վրա և բռնել քաղաքական գործիչներին»:

Ենթադրվում Էր, որ առանձին ուժայիններ կմիանան ահաբեկչական խմբին, ինչը կարող Էր հանգեցնել «հեղաշրջման»: Գերմանիայի Գլխավոր դատախազությունը հաստատել է հատուկ գործողության անցկացումը: Ըստ գերատեսչության՝ ձերբակալվածները պատկանում են ահաբեկչական կազմակերպության, որը հիմնվել Է 2021 թվականի նոյեմբերի վերջից ոչ ուշ:

Դավադիրները պատրաստվում Էին տապալել «Գերմանիայում գոյություն ունեցող պետական կառույցը և այն փոխարինել պետության սեփական ձևով, որի հիմնական գծերն արդեն մշակվել են»: «Ըստ կատարված հետաքննությունների՝ կա նաև կասկած, որ խմբավորման առանձին անդամներ կոնկրետ պատրաստվել են ոչ մեծ զինված խմբի օգնությամբ բռնի ներխուժել Գերմանիայի Բունդեսթագ: Մանրամասները դեռ պետք Է պարզել», – նշվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Ձերբակալվածների շարքում կա մեկ ռուս կին՝ Վիտալյա Բ.Վ.-ն: Գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ իրենք հիմքեր չունեն կարծելու, որ Ռուսաստանի պաշտոնատար անձինք աջակցել են դավադիրներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ