Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սա հստակ է մեզ համար․ Լյուքսեմբուրգի խորհրդարանի ղեկավար

Աննա Կոստանյան 22.05.2024 - 14:30
22.05.2024 - 14:30 դիտում

Գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սա հստակ է մեզ համար։ Այս մասին Աժ-ում հայտարարեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Մեկ տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցն է Հայաստան, որն աննախադեպ բան է։ Առաջին անգամ ես այստեղ էի որպես Լյուքսեմբուրգի խորհրդարանի պատվիրակության անդամ, բայց այն պահից, երբ ես դարձա պալատի նախագահ, ես ասացի՝ պետք է վերադառնամ։ Ինձ դրան դրդեցին վերջին ամիսների ընթացքում այս տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները։ Սա ցույց է տալիս ՀՀ-ի և Լյուքսեմբուրգի հարաբերությունների զարգացումը։ Ունենք շատ ակտիվ քաղաքական երկխոսություն։ Մենք այս ընթացքում պատրաստվում ենք հանդիպել ՀՀ նախագահին ու վարչապետին»,- ասաց նա։

Կլոդ Վիզլերը հայտարարեց, որ Հայաստանը Լյուքսեմբուրգի ամբողջական աջակցությունն ունի, իր ժողովրդավարության անցման ճանապարհին։ նա ողջունեց նաև Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ի կողմից։

«Մենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում հաճախ ենք խոսում Հայաստանի, այստեղ տիրող իրավիճակի մասին, բայց կա մեկ առանձնահատկություն՝ բոլոր միջնորդություններն ու բանաձևերը, որոնք մենք ընդունել ենք Լյուքսեմբուրգի խորհրդարանում, բոլորը միաձայն են ընդունվել։ Սա նշանակում է, որ ձախակողմյան և աջակողմյան կողմերը՝ բոլոր խմբակցություններն ու կուսակցությունները միաձայն են Հայաստանի հետ կապված հարցերում։ 2015 թվականին, երբ մենք քվեարկեցինք այն բանաձևի օգտին, որը ճանաչում էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, ցույց տվեց, որ այս հարցում էլ ենք միաձայն, 2020 թվականին միջնորդությունների համար քվեարկեցինք։

Մենք կշարունակենք մեր ներգրավվածությունը ԵՄ քաղաքացիական առաքելության համար, Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հարցում մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը և համոզված ենք՝ գերիների ազատումը նախապայման է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սա շատ հստակ է մեզ համար»,- ընդգծեց Վիզլերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ