Գեղարդի վանական համալիրը

Աննա Կոստանյան 11.02.2021 - 18:36
11.02.2021 - 18:36 դիտում

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր է Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն[2]։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
Վանական համալիրի «Այրիվանք» անվանումը տրվել է կառույցին 140-ի հասնող քարայր-խցերի պատճառով։ Դրանք բազմաթիվ ճգնարանների մի մասն են կազմում միայն, իսկ մեծ մասը ավերվել են երկրաշարժերի ընթացքում։ Բացի այդ՝ հիմնական Կաթողիկե եկեղեցուց զատ համալիրն ունի չորս մեծ ձեռակերտ քարայր-սրահներ, որոնք կապված են գավիթին։
Մեկ այլ՝ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը զենքի մի տեսակ է, բաղկացած փայտե կոթից, իսկ գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթյա տեգ։ Այն մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Էջմիածինում։
Կա մի ավանդույթ Վանական համալիրի կառուցման պաշտոնական տարբերակից զատ՝ գոյություն ունի ավանդական տեսակետ, որի համաձայն, մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշել էին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել։ Նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց։ Առավոտյան արթնանալով՝ տեսնում են իրենց բրիչը` խրված լեռան կատարին, և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար, որտեղ էլ կնքում են իրենց կյանքի մահկանացուն։
Գեղարդի համալիրի հյուսիսային պատի մեջ գտնվող քարայրային վանքում, ավանդության համաձայն, թանկարժեք գանձ է պահվել։ Իրականում ժամանակի ճարտարապետները, օգտագործելով երդիկից եկեղեցի մտնող լուսային էֆեկտները, կարողացել են լույսին տալ կլորավուն ադամանդի տեսք։ Լենկթեմուրը, իմանալով այդ մասին, ցանկացել էր վերցնել գանձը, սակայն մոտենալով նրան՝ փակել էր լույսի ճանապարհը սեփական ստվերով, ինչի արդյունքում գանձն «անհետացել էր»։ Հեռանալով՝ նա կրկին տեսնում է գանձը, այդպես նա մոտենում է երեք անգամ։ Այնուհետև Լենկթեմուրը որոշում է չավերել վանքը և հեռանում է։
1679 թվականի Գառնու երկրաշարժից հետո գանձ-ադամանդն անհետանում է։1215 թվականին կառուցվել է համալիրի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, որն իր հորինվածքով Հայաստանի խաչաձև գմբեթակիր կառույցների՝ 12-13-րդ դարերի հանրահայտ օրինակներից է։ Արևելյան և հարավային պատերը ակոսված են զույգ հայկական խորշերով, որոնք հակասեյսմիկ նշանակություն ունեն։ Կաթողիկեն հարուստ է հարդարանքով, հատկապես թմբուկն ու հարավային շքամուտքը, որի ճակատային մասում բարձրաքանդակ կա, որ պատկերում է առյուծի հարձակումը ցլի վրա։Կաթողիկեի հատակագիծը ձգված ուղղանկյունի է՝ ներգծված խաչով, որի կենտրոնում ստեղծված քառակուսուց սկզբնավորվում է սլացիկ թմբուկի վրա խարսխված գմբեթը։ Խաչի արևելյան թևը պսակված է կիսաշրջանաձև ավագ խորանով, իսկ մյուս թևերը ընդարձակվելով ստացել են ուղղանկյան տեսք՝ ծածկված գլանաձև թաղերով։ Գմբեթակիր քառակուսուց թմբուկի կորին անցումը իրականացված է առագաստների միջոցով։Եկեղեցու արտաքին ծավալները հստակորեն դրսևորում են նրա ներքին կառուցվածքը և միմյանց հետ կազմում օրգանական միասնություն։ Իր հատակագծային և տարածական-ծավալային հորինվածքով կաթողիկեն Հայաստանի 12-13-րդ դարերի գմբեթակիր կառուցվածքների բնորոշ օրինակներից է։
1215-1225 թվականներին Կաթողիկեի արևմտյան կողմին կից կառուցվում է կենտրոնակազմ, քառասյուն, շթաքարային մշակումով գմբեթավոր գավիթը։ Այն իր արտաքին տեսքով հարում է քաղաքացիական կառույցներին և հիշեցնում լեռնային գյուղական տները։ Հյուսիսարևելյան և հարավարևելյան անկյուններում ունի երկհարկ ավանդատներ, որոնցից ձախակողմյանը` երկրորդ հարկինը, նվիրված է Թադեոս առաքյալին։ Արձանագրություններից իմանում ենք ոչ միայն կառուցողների, այլև բարերարների ու շինարարությանը մասնակցած միաբանների անունները։ Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝ Գալձագ։Հորինվածքի կենտրոնում՝ հավասար հեռավորության վրա, ազատ կանգնած են չորս զանգվածեղ սյուներ, որոնցից մինչև դիմացի պատերի որմնասյուները տարածվող կամարները ներքին տարածությունը բաժանում են մեկ խոշոր (կենտրոնական) և ութ առավել փոքր հատվածների։ Շինության գլխավոր առանցքը կազմում է կենտրոնական հատվածը` ծածկված շթաքարե (ստալակտիտային) նրբաքանդակ թաղով։
Ժայռը, որը հյուսիսային պատ է ծառայում վանական համալիրի համար, հարուստ է ներքին քանդակներով։ Նրա խցերից մեկում, որը հայտնի է որպես «ավազան», բխում է սառնորակ աղբյուր, որի արևելյան կողմում խուց է փորված, իսկ արևմտյան կողմում՝ ավազան մկրտությունների համար։ Խորանից հյուսիս-արևմուտք նայող հատվածում՝ լեռնային աղբյուրներով լեցուն ավազանին կից, դրվել է սուրբ Պատարագներին օգտագործվող սկիհը՝ այն գավաթը, որի մեջ օրհնվել են հացն ու գինին։ Դա Գեղարդավանքի գավթից մուտք ունեցող, երկու զույգ խաչվող կամարներով և շթաքարային հարդարանքով, գմբեթով ու երդիկից լուսավորվող ժայռափոր առաջին եկեղեցին էր, որ կառուցել էր Պռոշ իշխանը 1230-50-ական թվականներին (ճարտարապետ` Գալձագ)։ Ավազանի պատերը զարդարված են քանդակներով ու խաչերով։
Դեպի վանական համալիր տանող ճանապարհը անցնում է պարսպին զուգահեռ կառուցված ճանապարհով։ Պատի վրա կանգնեցված են 16-17-րդ դարերին վերագրվող խաչքարերի կրկնօրինակներ։ Դրանք կանգնեցվել են 21-րդ դարում, այն բանից հետո, երբ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում գտնվող Ջուղա գյուղի գերեզմանադաշտը ամբողջությամբ վերացվեց Ադրբեջանի իշխանությունների հրամանով՝ տեղում ռազմաբազա սարքելու նպատակով։
10․000-ի հասնող խաչքարերի ջարդը սկսել էր դեռևս 20-րդ դարի սկզբին, երբ Երևանի նահանգում իրականացվում էր երկաթուղային շինարարություն. Երևանից երկաթուղին հասնում էր Ջուղա, այնտեղից՝ Իրան։ Երկրորդ փուլը եղել էր խորհրդային իշխանության տարիներին, իսկ երրորդ փուլում՝ 2000-ական թվականներին, դամբարանադաշտը վերջնականապես ոչնչացվել էր։
Խաչքարերը, բացի եռամաս ավանդական կառուցվածք ունենալուց, որոնք խորհրդանշում էին երկրային կյանքը, խաչ-ճանապարհը և երկնային արքայությունը, ունեն նաև հավելյալ քանդակներ՝ իշխանների ու հրեշտակների կերպարանքներով, տեքստային հատվածով ու հավելյալ նախշերով։
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ