Գազայի հատվածի վրա հարձակումները կշարունակվեն. Իսրայելի ՊՆ

Աննա Կոստանյան 11.10.2023 - 12:21
11.10.2023 - 12:21 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ինտենսիվ գործել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ և զանգվածային հարձակումներ իրականացնել Գազայի հատվածում, հաղորդում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Իսրայելը Գազայի հատվածի հետ սահմանին կենտրոնացրել է մոտ 300 հազար զինվորական, ինչպես նաև զրահատեխնիկա և հրետանի:

«Տասնյակ կործանիչներ վերջերս հարձակվել են ավելի քան 200 թիրախի վրա Գազայի հատվածի ամբողջ Ալ-Ֆուրկան տարածքում», որը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչության կետն է, և այնտեղից բազմաթիվ գործողություններ են իրականացվում Իսրայելի դեմ»,- հայտնում է գերատեսչությունը։

CNN-ը, հղում անելով Պաղեստինի ներքին գործերի նախարարությանը, տեղեկացրել է, որ չորեքշաբթի գիշերն ինտենսիվ ավիահարվածներ են հասցվել Գազայի հատվածի արևելյան մասի բնակելի թաղամասերին։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ըստ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Իսրայելը մոտ ապագայում կարող է ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում։

Արաբական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ չորեքշաբթի առավոտվա դրությամբ Գազայում զոհերի թիվը գերազանցել է 950-ը, Իսրայելում զոհվել է 1200 մարդ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ