Բրյուսելյան հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց. Փաշինյան

Աննա Կոստանյան 20.07.2023 - 13:58
20.07.2023 - 13:58 դիտում

Կառավարության՝ հուլիսի 20-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հուլիսի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից:

«Այդ հանդիպումը, ցավոք, Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով որևէ կոնկրետ արդյունք չտվեց»,- ասաց վարչապետը:

Քաղաքական առումով ԵՄ խորհրդի նախագահը հանդիպմանը հաջորդած իր հայտարարության մեջ ընդգծեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը:

Մեր համոզմունքը եղել և շարունակում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների՝ այս երկխոսությունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը, մեր գնահատմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացումն է:

Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ իրագործվող կոնկրետ ծրագիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է ԼՂ-ում հայերի բնակվելն անհնարին դարձնելու նպատակով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ցավով արձանագրեց, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, մինչ օրս չեն կատարվել, և կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակվեն:

«Անհրաժեշտ է նաև աշխատանքներ տանել ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը միջազգային մամուլում հնարավորինս լայն լուսաբանելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ