ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցել են նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։
Հանրապետական ընդունող հանձնաժողովն օրակարգի հաստատումից հետո քննարկել է ՀՀ բուհերի՝ 2026-2027 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության նախնական արդյունքները․ ըստ ԳԹԿ տվյալների՝ 2026 թվականի բուհերի ընդունելության համար Կառավարության կողմից հատկացվել է 12720 տեղ, որից 2133-ը՝ անվճար, 10587-ը՝ վճարովի։ Բուհեր է ընդունվել 9620 դիմորդ, որից անվճար հիմունքներով ներառյալ նաև պահուստային և նպատակային տեղերը՝ 1875 դիմորդ, վճարովի հիմունքով՝ 7799 դիմորդ։
Արդեն երկրորդ տարին է՝ Տավուշի մարզում կազմակերպվել են ընդունելության լրացուցիչ քննություններ այն դիմորդների համար, որոնց ուսուցումը 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ամբողջությամբ նոր չափորոշիչներով է իրականացվել։
Նշված դիմորդները, բացի ընդունելության միասնական քննություններից, նոր չափորոշչի շրջանակում քննության լրացուցիչ հնարավորություն են ունեցել․ նրանց ցուցաբերած քննական արդյունքները, ըստ ԳԹԿ-ի, բարելավվել են՝ նախորդ քննությունների համեմատ։
Հանրապետական ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է բուհերի 2026-2027 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրերով ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքները՝ ըստ բուհերի և մասնագիտությունների: Քննարկվել և հաստատվել են նաև ազգային փոքրամասնություններին հատկացված արտոնյալ տեղերի մրցույթի արդյունքները։ Նշվել է, որ բուհերի ընդունելության արդյունքները հրապարակվելու են վաղը՝ հուլիսի 18-ին:
Ծանոթանալով ընդհանուր տվյալներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է միասնական քննությունների կազմակերպմանը, արդյունքների ամփոփման և հրապարակման ժամկետներին։
Նա նաև նշել է, որ զուգահեռաբար պետք է դիտարկվի ընդունելության քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ հետագայում բուհերի դերն ընդունելության գործընթացում ընդլայնվելու է, և բուհերից շատերն արդեն ունեն թվային հարթակների կիրառման արդյունավետ փորձ։
Նիստում քննարկվել են նաև թափուր տեղերի վերաբաշխմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացին առնչվող մի շարք այլ հարցեր։
