«Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն». Լավրով

Աննա Կոստանյան 12.11.2020 - 16:21
12.11.2020 - 16:21 դիտում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում:

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով:

«Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ