Բելառուս է տեղափոխվել ռուսական միջուկային մարտագլխիկների որոշակի քանակություն. Լուկաշենկո

Աննա Կոստանյան 6.07.2023 - 15:25
6.07.2023 - 15:25 դիտում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուս է տեղափոխվել ռուսական միջուկային մարտագլխիկների որոշակի քանակություն։

Նա հայտարարել է, որ միջուկային զենքը տեղակայված է երկրի տարածքում «բացառապես պաշտպանական նպատակներով»։
«Այս զենքը բացառապես պաշտպանական նպատակներով է։ Դուք մեզ մի դիպչեք, և մոռացեք միջուկային զենքի մասին: Բայց եթե դուք ագրեսիա կատարեք, պատասխանը կլինի ակնթարթային: Թիրախները որոշակի են»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահի խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել միջուկային հարվածով, սակայն նման գործողություններ պետք չեն։ «Ռուսաստանն ունի բավականաչափ սովորական սպառազինություն՝ ոչ միջուկային, որպեսզի հասնի իր նպատակներին»,- ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ Լուկաշենկոն նշել է, որ միջուկային հարվածը հնարավոր է ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիայի դեպքում. «Ինձ թվում է, որ պատերազմն Ուկրաինայում, «հատուկ ռազմական գործողությունը», չի հանդիսանում և չի հանդիսանալու միջուկային հարվածի պատճառ՝ որ կողմից էլ այն լինի։ Իսկ ահա եթե ՆԱՏՕ-ի ագրեսիա լինի Բելառուսի կամ Ռուսաստանի դեմ, իսկ դա նշանակում է ներխուժում մեր տարածք, ուրեմն ձեռքերն արձակված են»։

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը չի կարող ինքնուրույն սպասարկել միջուկային զենքը, և դրա պահպանման հսկողությունը ապահովվում է ռուս զինվորականների հետ համատեղ. «Մենք ինքներս՝ բելառուսական զինված ուժերի ներկայիս կազմը, չենք կարող սպասարկել միջուկային զենքը, որովհետև մենք այն չենք ունեցել: Դա շատ լուրջ բան է: Ուստի այսօրվա դրությամբ մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստանի Դաշնության հետ միասին»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ