Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին

Աննա Կոստանյան 12.01.2022 - 18:10
12.01.2022 - 18:10 դիտում

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել Ֆրանսիայի հրապարակի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետի N 24-Ա որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Բանաստեղծն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի (1985), ՀՀ նախագահի մրցանակի (2003), Հայաստանի «Մեսրոպ Մաշտոց» մեդալի (1998), Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի (2011), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի (2010), Հայաստանի վարչապետի հուշամեդալի (2015): Երևանի պատվավոր քաղաքացի է (2017):

Առաջին բանաստեղծությունը 1957 թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ «Իմ աշխարհը», լույս է տեսել 1963 թվականին։ Դավոյանը 60-ականների «ոսկե» սերնդի ներկայացուցիչներից էր, նոր բանաստեղծության կոչնակներից, որը կարճ ժամանակում իր հաստատուն տեղն ունեցավ մեր գրական ընթացքում: Շարունակելով մեր գրականության ավանդույթները՝ նա ապահովեց մի նոր թռիչք, որը միայն ինքը կարող էր անել: Դավոյանի ստեղծագործությունները երգեր են դարձել՝ սիրված երգեր, և դեռ երկար կմնան ունկնդրի հիշողության մեջ:

Հայտնի են Դավոյանի «Ստվերների միջով» (Երևան, 1967), «Ռեքվիեմ» (Երևան, 1969), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972), «Մեղրահաց» (Երևան, 1973), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975), «Ինչ էր եղել» (Երևան, 1977), «Տաք սալեր» (Երևան, 1978), «Պոեմներ» (Երևան, 1980), «Պղնձե վարդ» (Երևան, 1983), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984), «Էպոս պատանության» (Երևան, 1984), «Տխուր փիղը» (Երևան, 1985), «Սահման» (Երևան, 1986), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1986), «Ընտիր երկեր» (Երևան, 1987), «Քարե բարձ» (Երևան, 1989), «Էպոս պատանության» (Երևան, 1989) և այլ ժողովածուներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ