Արևելք-Արևմուտք ավանդական բանաձևերն այլևս բավարար չափով չեն գործում. Փաշինյան

Աննա Կոստանյան 25.07.2023 - 13:28
25.07.2023 - 13:28 դիտում

Միջազգային և աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում շարունակում է մնալ լարված և անկայուն: Աշխարհակարգը, որ համարվում էր, այդ թվում, մեր տարածաշրջանի կայունության հիմնական գործոններից մեկը, ըստ էության, գոյություն չունի: Այդ ընդգծումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հուլիսի 25-ի ասուլիսը:

«Ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը՝ ոչ ոք չգիտի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում Հայաստանի ազդեցություններն անորոշ են և աննյութական, իսկ աշխարհաքաղաքական անկայունություններից բխող սպառնալիքները՝ տեսանելի և իրական»,- ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Ուկրաինայի իրադարձությունների բերումով տարածաշրջանում աշխարհաքաղաքական ազդեցությունները նվազել են, և Արևելք-Արևմուտք ավանդական բանաձևերն այլևս բավարար չափով չեն գործում:

«Ստեղված իրավիճակում մեզ համար կենսական նշանակություն է ստանում տարածաշրջանային ոչ կոնֆրոնտացիոն քաղաքականության մշակումը, զարգացումը և իրագործումը և տարածաշրջանային ապագայի ճարտարապետության մեջ ՀՀ-ի տեղի և դերի հստակեցումը: Հայաստանին սահմանակից, այն է՝ Հայաստանը շրջապատող երկրներից որևէ մեկը մյուսի հետ կոնֆրոնտացիոն հարաբերություններ չունի, և նույնիսկ ամենասուր հարցերի լուծման բանաձևը համարվում է համագործակցության քաղաքականությունը, որն առավել արդյունավետ է դառնում շահերի հավասարակշռման արդյունքում:

Այս առումով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է այն ընկալմամբ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով և պետք է շարունակեն զարգանալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ ասուլիսը պատեհ համարեց սկսել հենց այս ուղերձով՝ հասկանալով, որ ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը բարձր էմոցիոնալ ֆոն է ստեղծել. «Չնայած այս պայմաններում վերը նկարագրված տեսության իրագործումը չի հեշտանում, ռազմավարական առումով կարևոր է ընդգծել խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և մեր Կառավարության հավատարմությունն այդ օրակարգին»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ