Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 390 մլն ԱՄՆ դոլարի վնաս

Աննա Կոստանյան 4.07.2023 - 17:33
4.07.2023 - 17:33 դիտում

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 205-րդ օրվա վիճակագրական տվյալները։

  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1 520 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 30  դեպքով։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 579 հիվանդ, իսկ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ևս 70-ը՝ համապատասխան բուժում ստանալու համար: ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական լրացուցիչ խոչընդոտների պատճառով գրեթե մեկ ամիս դադարեցված լինելուց հետո վերջերս վերականգնված տեղափոխումները արդեն 10 օր շարունակ լրիվությամբ ընդհատվել են։ Հունիսի 25-ից կրկին  վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով:
  • Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3 900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի (Քաշաթաղի) միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 204  անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (205օրվա ընթացքում մարդկանց 502 250-ի փոխարեն՝ 2 466  մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 4 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 44 ելքի և մուտքի դեպք՝ միայն Կարմիր խաչի կողմից՝):
  • Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 65  անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (205  օրվա ընթացքում 188 600-ի փոխարեն՝ 2 911  մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 4 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 11 մուտք և ելք` միայն Կարմիր խաչի կողմից:
  • Շուրջ 14 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (205  օրվա ընթացքում մոտ 82 000   տոննայի փոխարեն՝ 5 700   տոննա, որից վերջին 4 օրվա ընթացքում՝ միայն 12 տոննա`բացառապես դեղորայք՝ միայն Կարմիր խաչի կողմից):
  • Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 139  օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 176  օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
  • 860  տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
  • Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 11 000  մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
  • Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3 717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
  • Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 390  մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 43  տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ