Արցախի նախագահն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատարին

Աննա Կոստանյան 27.04.2023 - 17:18
27.04.2023 - 17:18 դիտում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ընդունել է ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովին:

Նախագահ Հարությունյանը, ողջունելով նորանշանակ հրամանատարին, ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության և տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Երկուստեք կարևորվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահը փոխանցել է ԱՀ իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող և այլ հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ