Արցախի նախագահի՝ ալյուրի երկու օրվա պաշար ունենալու մասին հայտարարության վերաբերյալ տեղեկությունը կեղծ է

3.07.2023 - 20:03 դիտում

Այսօր Արցախի նախագահը հանդիպում է ունեցել Արցախի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ, որից հետո սկսել են բամբասանքներ տարածվել այն մասին, թե իբր նախագահը հանդիպման ժամանակ հայտնել է ալյուրի երկու օրվա պաշարի մասին:

Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից հայտնում են, որ հիշյալ տեղեկությունը հերթական անգամ կեղծ է:

«Հունիսի 15-ից հետո տարբեր շրջանակների կողմից փորձ է արվել նման ապատեղեկատվություն տարածելով ներքին դժգոհություններ հրահրել՝ հանրությանն անընդհատ ենթարկելով հավելյալ լարվածության: Այդուհանդերձ, նման մտահոգիչ իրավիճակի առնչվելու դեպքում այդ մասին առաջինը հայտարարելու է կառավարությունը. այս պահին իրավիճակը կառավարելի է՝ ժամանակին պահեստավորված ալյուրի ու առաջիկայում հնձվելիք ցորենի պաշարների շնորհիվ:

Նման տեղեկատվական սադրանքներն ընդամենը հավելյալ ծանրաբեռնվածություն են հաղորդում պետությանը ալյուրի մատակարարման հարցում, և ամեն անգամ կառավարությունը այդ խուճապային մթնոլորտը հաղթահարելու համար ստիպված է լինում ծախսել ավելին, քան մեր պահանջարկն է:

Մի՛ տրվեք նման սադրանքների ու մի՛ հավատացեք այդպիսի կեղծ լուրերի: Ցավոք, նույնիսկ այսպիսի իրավիճակում մեր շարքերում դեռևս կան մարդիկ, որոնք բավարար չափով չեն գիտակցում և արժևորում հանրային ու պետական շահը»,- նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ