Արցախի ՄԻՊ-ն այցելել է ադրբեջանական անցակետի ուղղությամբ նռնակ նետած քաղաքացուն

Աննա Կոստանյան 15.11.2021 - 17:15
15.11.2021 - 17:15 դիտում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նոյեմբերի 15-ի առավոտյան այցելել է Նորայր Միրզոյանին, ով ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան նռնակ էր նետել Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհին ադրբեջանական անցակետի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գեղամ Ստեփանյանը տեղեկացնում է, որ նա կալանավորված կամ ձերբակալված չէ և գտնվում է բուժհիմնարկում` բժիշկների հսկողության տակ:

«Հետաքրքրվել եմ առողջական վիճակով և հավաստիացել, որ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև հանդիպել եմ նաև Ն.Միրզոյանի ընտանիքի անդամների հետ, ովքեր հայտնել են, որ կապը նրա հետ պահպանվում է: Հարազատների խնդրանքով կոչ եմ անում բոլորին դադարեցնել Ն.Միրզոյանի և նրա անձնական ու ընտանեկան կյանքի մասին տեղեկությունները հանրայնացնելու բոլոր գործողությունները, վստահեցնում եմ` դուք դրանով միայն վնասում եք Նորայրին և ավելորդ անհանգստություն պատճառում նրա ընտանիքին: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է բոլոր միջոցները Ն.Միրզոյանի իրավունքների պատշաճ պաշտպանություն ապահովելու համար, ուստի այդ հարցում ինքնագործունեությունն ու անկշռադատ քայլերը ցանկալի չեն»,-նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախի ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել այն մասին, որ վաղ առավոտյան Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհին, Շուշի քաղաքի անցակետի մոտ, ադրբեջանցի զինծառայողների սադրիչ գործողություններին ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ