Արսեն Թորոսյանն իր գործունեությունը կշարունակի օրենսդիրում

Աննա Կոստանյան 1.07.2021 - 17:08
1.07.2021 - 17:08 դիտում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը իր հետագա գործունեությունը կշարունակի օրենսդիր մարմնում՝ Ազգային ժողովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` վարչապետի աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Արսեն Թորոսյանին աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքի համար և նշել, որ Թորոսյանն այդ պաշտոնը ստանձնեց չափազանց բարդ մի ժամանակաշրջանում և պատվով կատարեց իր առջև դրված խնդիրը:

«Եվ պիտի արձանագրեմ, որ ես գոհ եմ պարոն Թորոսյանի կատարած աշխատանքից: Ինչպես պարոն Հարությունյանը, այնպես էլ պարոն Թորոսյանը մեր քաղաքական թիմի առանցքային ներկայացուցիչներն են, և քաղաքական քննարկումների արդյունքում, այդ թվում պարոն Թորոսյանի ցանկությունները հաշվի առնելով, մենք որոշել ենք, որ նա իր հետագա գործունեությունը կշարունակի Ազգային ժողովում՝ օրենսդիր մարմնում»,- հավելել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Արսեն Թորոսյանին վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Վարչապետի պաշտոնակատարը նաև որոշում էր ստորագրել Արայիկ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։

Արայիկ Հարությունյանը մինչ որոշումների ստորագրումը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ