Արջը իր 2 քոթոթներով հարձակվել է տղամարդու վրա. վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

7.05.2022 - 11:25 դիտում

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:10–ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից  ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին ստորին երրորդականի, աջից թևատակի շրջանների արջի կծած, պատռած և ջնջխված վերքեր» ախտորոշամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Օհանավան գյուղի բնակիչ, 68-ամյա  Հայրապետ Հայրապետյանն է, ով ժամը 13:30-ի սահմաններում  գտնվել է Օհանավան գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում, որտեղ արջը իր 2 քոթոթների հետ հարձակվել է նրա վրա, պատճառելով նշված վնասվածքները:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հ. Հայրապետյանն ասում էր. «Սովորույթի համաձայն, գնացել էի էդ վայրում սիբեխ հավաքելու: Հասա ջրի ափին, արջը 2 քոթոթներով հարձակվեց վրես: Դիմադրում էի, լավ էր՝ դանակը ձեռքս էր, ճիշտ կողմնորոշվեցի ու պաշտպանվում էի անընդհատ: Կարողացա հարվածել արջի երախին, դրանից հետո մի քանի անգամ ճանկեց ոտքս, դոշս ու հեռացավ: Աստված փրկեց ինձ, որ համ արջի ճանկերից ու երախից պրծա, համ էլ Էդ վիճակով կարողացա ահագին հատված ոտքով գնամ ու զանգել եմ ընկերոջս, ով այնուհետև ավտոմեքենայով ինձ տեղափոխեց հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քանի որ Հ. Հայրապետյանը թոշակառու է, բազմազավակ ընտանիքի ծնող  և սոցիալապես անապահով է, դեպքի մասին տեղեկանալով՝ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը հանձնարարել է իր տեղակալ Վահանյանին, որպեսզի քաղաքապետարանը օգնության ձեռք մեկնի Հ. Հայրապետյանին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ