Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

14.06.2026 - 12:23 դիտում

Այսօր՝ հունիսի 14-ին, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ու սա լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մարդասիրության կաթիլն են նվիրում, կյանքեր փրկում` լուռ, առանց աղմուկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է: Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին։

Քո նվիրած արյունն իրականում կյանքի հույս է

• նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ,

• վիրահատարանում գտնվող պացիենտի համար,

• քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար:

Դոնորները ձևավորում են կյանքի մի անտեսանելի շղթա, որն ապահովագրում է մեզ բոլորիս:

Ինչպե՞ս կարող ես օգնել հենց այսօր.

1. Դարձի՛ր դոնոր. այցելիր արյան հավաքագրման մոտակա կենտրոն:

2. Պատմի՛ր ընկերներիդ, որովհետև քո օրինակը կարող է վարակիչ լինել:

Այս փոքր քայլով դու կարող ես փրկել կյանքեր:

Շնորհակալ ենք, որ կաք»,- ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ