Արմավիրի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 310-ով, Վայոց ձորում՝ 119-ով

25.02.2023 - 18:02 դիտում

Գլխավոր դատախազությունում շարունակվում է մարզային դատախազությունների 2022 թ. ամփոփումը: Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորությամբ, փետրվարի 21-ին և 23-ին ուսումնասիրվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի դատախազություններում կատարած 2022 թվականի գործունեության արդյունքները:

Գլխավոր դատախազի տեղակալի առաջինն այցը եղել է Արմավիրի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազ Վահան Սարգսյանը ներկայացրել է տարվա հանցավորության վիճակը, շարժընթացը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Արմավիրի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 310-ով՝ կազմելով 2161 (2021 թվականին՝ 1851 դեպք): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 38-ով՝ կազմելով 702 դեպք, բնակարանային գողություններն աճել են 5-ով՝ կազմելով 71 դեպք: Նվազել են ավազակության, անձնական գույքի հափշտակությունների, գողությունների դեպքերը: Մարզում 80 դեպքով աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը՝ կազմելով 234 դեպք (2021 թվականին՝ 154 դեպք):

2022 թվականին Արմավիրի մարզի դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների ընդհանուր դեպքերի և դրանց բացահայտման ցուցանիշների վերլուծությունը ցույց է տվել, որ նվազել է դրանց բացահայտումը: Այդ ուղղությամբ մարզի դատախազի կողմից տրվել են հանձնարարականներ՝ ակտիվացնելու հետախուզական միջոցառումները:

Ամփոփվել են նաև Վայոց ձորի մարզի դատախազության 2022 թվականի գործունեության արդյունքները:

Մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանի խոսքով՝ 2022 թվականին հանցագործությունները մարզում նախորդ տարվա համեմատ աճել են. արձանագրվել է հանցագործության 422 դեպք (2021 թվականին՝ 303): Մարզում միջին ծանրության հանցագործությունները աճել են 102 դեպքով՝ կազմելով 172 դեպք (2021 թվականին՝ 70), ծանր հանցագործություններն աճել են 2 դեպքով՝ կազմելով 45 դեպք (2021 թվականին՝ 43): 2022 թվականին մարզում երկու դեպքով աճել են նաև բնակարանային գողության դեպքերը, նվազել՝ անձնական գույքի գողությունները, խարդախությունները, յուրացման կամ վատնման դեպքերը: 2022 թվականին մարզում աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, այդ թվում՝ իրացման, զենքի ապօրինի շրջանառության և խուլիգանության դեպքերը:

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը մարզերի դատախազներին հանձնարարել է բացառել անհարգելի պատճառով դատական նիստերին չներկայանալու դեպքերը, ուշադրության կենտրոնում պահել ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթներն ու ձգձգման պատճառները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ