Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման ժամանակ՝ պատգամավորի ելույթի ավարտին, Արթուր Սարգսյանը հայտարարեց, որ որոշել է պատգամավորների հարցերին պատասխանելու փոխարեն գնալ իր 4 անչափահաս երեխաների և կնոջ հետ եկեղեցի՝ մոմ վառելու, որից հետո կներկայանա քննչական մարմնին:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Եթե ճիշտ եմ հասկանում՝ պարոն Սարգսյանը հրաժարվում է հարցերին պատասխանելուց: Հասկանալի որոշում է»:
Այդ ընթացքում դահլիճը լքող Արթուր Սարգսյանի և պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, որը վերածվեց հրմշտոցի: Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց:
Կարճ ընդմիջումից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մեկնաբանեց տեղի ունեցածը. «Քիչ առաջ պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակն անընդհատ սրելը, և Արթուր Սարգսյանը, այստեղ ելույթ ունենալով և տարբեր տեսակի որակումներ տալով, իրեն մեղսագրվող հանցագործությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չտալով, ուղղակի հրաժարվեց պատգամավորների հարցերին պատասխանել, որոնք միտված էին նրան, որ մեզ համար պարզ դառնա, հասկանալի դառնա, թե ինչ գործունեություն է ծավալել, որի արդյունքում տիկին գլխավոր դատախազը դահլիճում է և մեզանից հայցում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, ինչպես նաև կալանքի ենթարկելու թույլտվություն:
Պարզ է, որ, ենթադրաբար, այդ հարցերը պատասխաններ չունեին, որոնք մեզ կբավարարեին, և պարոն Սարգսյանը լքեց այս ամբիոնը: Տարբեր տեսակի արտահայտություններ անելով՝ փորձեց դուրս գալ դահլիճից, որին, իհարկե, էմոցիոնալ արձագանք ստացվեց պատգամավորների կողմից: Ես խրախուսում եմ հանգիստ քննարկումը»:
Հակոբ Արշակյանը նաև կարծիք հայտնեց, թե ընդդիմադիր պատգամավորներին ծանոթ չեն դեմոկրատական հանգիստ խորհրդարանին վայել քննարկումները:
«Նրանք ամեն կերպ փորձելու են դուրս բերել հունից պատգամավորներին, փորձելու են խորհրդարանի աշխատանքը խանգարել, փորձելու են ամեն կերպ պրովոկացիաների ենթարկել, սակայն ՀՀ-ն սուվերեն, ինքնիշխան, դեմոկրատական երկիր է, և մենք պետք է առաջնորդվենք այդ արժեքներով: Թույլ չպիտի տանք, որ Հայաստանում նորից հնարավոր լինի պետության և պետականության դեմ տարբեր տեսակի ոտնձգություններ անել, այդ թվում՝ այս դահլիճում»,- ասաց նա:
Ավարտելով ելույթը՝ Հակոբ Արշակյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: