Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ և ապահովել Օլիմպիական խաղերի ուղեգիր

Աստղիկ Խաչատրյան 22.09.2023 - 20:10
22.09.2023 - 20:10 դիտում

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշային կարգի առաջատարը կիսաեզրափակիչում հերթական տպավորիչ հաղթանակը տարավ: Գյումրեցի ըմբիշը մրցեց լիտվացի Մինդաուգաս Վենցայտիսի հետ եւ երկու րոպեկում հաղթանակի հասավ 9:0 հաշվով:

Ինչպես նախորդ գոտեմարտերում, կիսաեզրափակիչում էլ Ալեքսանյանը մեկ բռնվածքով 4 գլորում վստահ հաղթանակի հասավ: Հայաստանի առաջատար ըմբիշը կիսաեզրափակիչում տարած հաղթանակով նվաճեց նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Տեսանյութը՝ մեր Տելեգրամյան ալիքում։
Օլիմպիական չեմպիոնը աշխարհի առաջնությունում պայքարը սկսել 1/16 եզրափակիչից, որտեղ 10:4 հաշվով հաղթել է Եվրոպայի փոխչեմպիոն, ռումինացի Նիկու Օժոգին։

1/8 եզրափակիչում մեկ բռնվածքով 4 գլորումով պարտության էր մատնել ԱՄՆ ներկայացնող Ջոզեֆ Պատրիկ Ռաուին (9:0):

Քառորդ եզրափակիչում նույն տեխնիկայով 9:0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի նկատմամբ:

Երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի եւ գործրղ չեմպիոն Մալխաս Ամոյանը (77կգ): Մրցակիցը Ղազախստանի ներկայացուցիչ Դեմեւ Ժադրաեւն է։ Մալխաս Ամոյանը կպայքարի նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը ըմբիշների առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարն է: Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: 4 մեդալակիրները և բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշներից մեկը. նրանց միջև կանցկացվի լրացուցիչ գոտեմարտ:

Հունահռոմեականների օլիմպիական քաշային կարգերն են` 60 կգ, 67 կգ, 77 կգ, 87 կգ, 97 կգ եւ 130 կգ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 24-ին:
Նյութի աղբյուր՝ sport.news.am

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ