Ինչ է փոխվել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների միջև: Առաջին հայացքից ոչ շատ շոշափելի, բայց իմ կարծիքով՝ շատ էական բան: Եթե մի քանի տարի առաջ մեզ պետք լիներ ճշտել այս կամ այն հարցում Թուրքիայի դիրքորոշումը, բացի հրապարակային հայտարարություններից, և Թուրքիան ուզենար ճշտել Հայաստանի դիրքորոշումը, կարծում եմ՝ երկուստեք պետք է փորձեինք դա պարզել երրորդ երկրների միջոցով: Այս մասին Ստամբուլում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իր խոսքում վարչապետը կարևորել է հանգամանքը, որ արդեն բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն:
«Սա, կարծում եմ, շատ էական և կարևոր պայման է, որ մենք կարող ենք մշտապես հաղորդակցության մեջ լինել, օրակարգեր ձևավորել, քննարկումներ ունենալ»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով՝ հիմա մեր շփումները Թուրքիայի հետ շատ ինտենսիվ են, և այս այցը մեզ համար լավ հնարավորություն է, որպեսզի մենք ՀՀ դիրքորոշումները և լուծումների մասին պատկերացումները հնարավորություն ունենանք ամբողջական ներկայացնել թուրք գործընկերներին:
Նրա խոսքով՝ միջպետական հարաբերությունների համատեքստն է այս այցի հիմքում ընկած:
«Մենք պարտավոր ենք այս հարաբերությունները ձևակերպել որպես Հայաստան-Թուրքիա հարաբերություններ: Ես կարծում եմ՝ այս փուլը, որը սկսվել է, և որի շարքում է այս այցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգին վերաբերելի այց է, և այցը վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ սա նոր հարաբերություններ հաստատելու օրակարգ է: