Արա Խզմալյանը երաժիշտների հետ զրուցել է ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դերի ու նշանակության մասին

31.03.2022 - 19:12 դիտում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական խորհրդի կազմի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը մարտի 23-30-ն իրականացրել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Հայաստանի կոմպոզիտորների միությունը:
Քննարկման ընթացքում արծարծվել են փառատոնի կազմակերպչական, անցկացման, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորական արվեստի դերի ու նշանակության, վերաիմաստավորման, համապատասխան միջավայրի ստեղծմամբ դրա մասին հանրային հետաքրքրության խթանման վերաբերյալ հարցերը:
Ըստ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այն եզակի հարթակներից է, որտեղ պարբերաբար հնչում են մեր կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նա կարևորել է կոմպոզիտորական արվեստի հանրահռչակումը թե՛ երաժշտագետների, թե՛ կոմպոզիտորների անմիջական մասնակցությամբ: Նշվել է, որ փառատոնը՝ որպես այդ արվեստը հանրահռչակելու ճանապարհ, չբավարարվի միայն կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցմամբ. այն պետք է լինի մասնագիտական ընդգրկվածության, կարծիքների փոխանակման, հանրային քննարկման հարթակ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հավաստմամբ՝ համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում փառատոնի մասին հնարավոր է իրազեկել նաև միջազգային հարթակներում, քանի որ աշխարհն այսօր սիրում է լսել և տեղեկանալ ժամանակակից ստեղծագործությունների մասին:
Հանդիպմանը քննարկվել են նաև փառատոնի գեղարվեստական խորհրդի գործառույթներին, կազմի ընդլայնմանը, ինքնազբաղ արվեստագետների ընդգրկմանը, ստեղծագործողներին հնարավորինս հանրայնացմանը և հասարակությանը կոմպոզիտորական արվեստին մոտեցնելուն առնչվող հարցեր:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ