Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում շեշտել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Աննա Կոստանյան 24.08.2022 - 19:54
24.08.2022 - 19:54 դիտում

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։

Նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիական կողմին Կորսիկայում օգոստոսի 18-ին փոթորիկի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Նախարար Կոլոննան իր հերթին ցավակցություն է հայտնել հայկական կողմին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ։ Այս համատեքստում պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկելու փոխշահավետ համագործակցության հետագա խորացման  և կոնկրետ նախագծերի կյանքի կոչման միջոցով երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել  Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային խաղաղության հաստատման շուրջ հայկական կողմի մոտեցումները։

Կողմերն ընդգծել են Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, բռնի անհետացածների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման անհրաժեշտությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ