Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչի հետ

Աստղիկ Խաչատրյան 21.09.2022 - 21:16
21.09.2022 - 21:16 դիտում

Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում՝ երկկողմ օրակարգը հարստացնելով նոր բովանդակությամբ: Նախարար Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը և պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների օրակարգը։

Նախարար Միրզոյանն ու Սամանթա Փաուերն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ: Կարևորվել են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի և Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը և այս ուղղություններով փոխգործակցության առավել ընդլայնումը և զարգացումը:

Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը:

Ադրբեջանի առավելապաշտական և ագրեսիվ վարքագծին հակազդելու համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական ագրեսիայի հասցեական դատապարտման դերը և ապագայում հավանական ագրեսիաները կանխարգելելու նպատակով գործուն քայլերի իրականացման կարևորությունը: Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու է իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ