Ավտովթարից հետո մեքենաներից մեկի վարորդն ու ուղևերները ծեծել են մյուս վարորդին, դանակով հարվածել նրան

Աննա Կոստանյան 5.09.2022 - 17:47
5.09.2022 - 17:47 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նեխաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42–ամյա տղամարդ:

Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «Վազ 2109» մակնիշի և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում: Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փարձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Քննչական կոմիտե

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ