«ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նախնական դատալսումների ընթացքում քննարկվել է Չալաբյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը պահանջել է, որպեսզի Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով, սակայն կալանքը վերացվել է:
ՀՀ Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 24-ի առավոտյան էր ձերբակալվել «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը:
Քննչական կոմիտեն խումբ անձանց կողմից ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու նախապատրաստության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Չալաբյանի մասով ավարտել է:
Ըստ մեղադրանքի՝ նա 2026 թվականի փետրվարի 4-ին Երևանի սրճարաններից մեկում հանդիպել է ՀՀ-ում գտնվող օտարերկրյա պետության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համոզելու, վերոհիշյալ ընտրություններում նաև նրանց նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և ազդեցությունն օգտագործելով՝ խոչընդոտեն հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացումը, այն է՝ օտարերկրյա պետությունում գործող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով ստիպեն այդ կազմակերպություններում աշխատող, ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ընթացքում քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին, որի կապակցությամբ օտարերկրյա պետության ներկայացուցիչները տվել են իրենց համաձայնությունը:
