Ավելի քան 50 երկիր ձգտում է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններ սկսել մաքսատուրքերի վերաբերյալ. Բեսենթ

Աննա Կոստանյան 7.04.2025 - 12:46
7.04.2025 - 12:46 դիտում

Մաքսատուրքերը, որոնք անցյալ շաբաթ հանգեցրին ԱՄՆ բաժնետոմսերի արժեքի գրեթե 6 տրիլիոն դոլարի անկման և հարվածեցին համաշխարհային շուկաներին, գրավել են միջազգային հանրության ուշադրությունը: Մաքսատուրքերը լայնորեն քննադատվել են ամբողջ աշխարհում՝ համաշխարհային տնտեսությունը ռեցեսիայի մղելու սպառնալիքի համար, գրում է Al Jazeera-ն:

Թրամփի վարչակազմը, սակայն, անտեսել է հետագա աղետալի տնտեսական հետևանքների մասին մտահոգությունները: Կիրակի առավոտյան թոք-շոուների մի շարք հարցազրույցներում նախագահի գլխավոր տնտեսական խորհրդականները պաշտպանել են մաքսատուրքերը՝ դրանք բնութագրելով որպես համաշխարհային առևտրում ԱՄՆ դիրքերի ամրապնդման ռազմավարական քայլ:

Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտնել է, որ ավելի քան 50 երկիր բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ մաքսատուրքերի հայտարարումից ի վեր, սակայն չի բացահայտել, թե որոնք են այդ պետությունները: Առայժմ հայտնի է, որ ԱՄՆ դաշնակիցները՝ Իսրայելը, Հնդկաստանը և Իտալիան, արդեն ցանկություն են հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ՝ մաքսատուրքերից խուսափելու համար:

Սքոթ Բեսենթը նաև պնդել է, որ մաքսատուրքերը Թրամփին տվել են «առավելագույն լծակներ», թեև դրանց ազդեցությունը ԱՄՆ տնտեսության վրա մնում է անորոշ: Նա հերքել է անկման հետ կապված մտահոգությունները՝ վկայակոչելով ԱՄՆ-ում աշխատատեղերի անսպասելի մեծ աճը:

ԱՄՆ-ն շարունակում է մաքսատուրքեր սահմանել, և ակնկալվում է, որ ավելի բարձր «պատասխան» տուրքերը ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ