Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան

Աննա Կոստանյան 29.11.2023 - 17:28
29.11.2023 - 17:28 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղում 2022թ․ ապրիլին կատարված ավազակային հարձակման և քաղաքացու գույքի հափշտակության դեպքի էական հանգամանքներ։ Մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Հայտնում են Քննչական կոմիտեից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 26–ամյա բնակիչը, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, նախնական համաձայնությամբ, քաղաքացու «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան հափշտակելու դիտավորությամբ, 2022թ․ ապրիլի 26-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրի Երևանյան փողոցում գործող խանութի դիմաց, հարձակվել են վերջինիս վրա։ Իրենց մոտ գտնվող փայտյա մահակների գործադրմամբ նրանք հարվածներ են հասցրել քաղաքացու գլխի և դեմքի շրջաններին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Այնուհետև, հափշտակել են քաղաքացու հիշյալ ավտոմեքենան և վարելով դիմել փախուստի՝ հափշտակելով նաև ավտոմեքենայում գտնվող՝ քաղաքացու թանկարժեք հեռախոսը։ Դրա հետևանքով վերջինիս պատճառվել է խոշոր չափերի նյութական վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 26–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Ավազակային հարձակմանը մասնակցած մյուս անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ