Առողջապահության նախարարի տեղակալները այցելել են Գյումրու բուժհաստատություններ

Աննա Կոստանյան 1.10.2021 - 18:28
1.10.2021 - 18:28 դիտում

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը, Արմեն Նազարյանը, նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզում:

Պաշտոնյաները նախ այցելել են Գյումրու բժշկական կենտրոն, ծանոթացել կազմակերպության ընթացիկ աշխատանքներին և խնդիրներին, ծննդօգնության բաժանմունքի շենքային պայմաններին, զրուցել բուժաշխատողների հետ:

Այնուհետև Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ոլորտի պատասխանատուները ծանոթացել են հոգեբուժական օգնության կազմակերպմանը, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կեցության պայմաններին:

Այցը շարունակվել է Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում և «Արիե Կուփերսթոքի» անվան վերականգնողական կենտրոնում:

Փոխնախարարներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանը, ինչպես նաև նախարարի խորհրդական Շանթ Շեխերդիմյանը եղել են նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում, ինչպես նաև Ն.Ա.Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում, որտեղ բուժանձնակազմի հետ զրուցել են ընթացիկ հարցերի շուրջ, ծանոթացել կազմակերպչական բնույթի խնդիրներին:

Կարևորելով մարզում բժշկական ծառայությունների որակի բարելավման անհրաժեշտությունը՝ փոխնախարարներն արձանագրել են առկա խնդիրները, ընդգծել մարզային բուժհաստատությունների և առաջնային պահպանման օղակի զարգացումն ու հզորացումը` որպես առողջապահության ոլորտում առաջիկա տարիների ծրագրային առաջնահերթություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ