Հարգելի հայրենակիցներ, առաջիկա օրերին սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ֆեյքերի մեքենան միացված է, և Ազգային ժողովի ու Երևանի ավագանու ընդդիմադիրներն ապակայունացման մասովկան են:
Ագիտպրոպի աշխատանքի ամենավառ օրինակն Ազգային ժողովի քաշքշուկի մեդիաուղեկցումն էր, որը ներկայացվեց իբրև բախում Ցեղասպանության քրեականացման թեմայով քննարկման ժամանակ, որը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Զարմանալի «զուգադիպությամբ» այդ մասին գրեց Բագրատ Գալստյանին աջակցող տելեգրամ ալիքը, շարունակեց 5-րդ ալիքը, միացավ ռուսական պետական «Ռիա-Նովոստի»-ն և, իհարկե, «Ազատություն» ռադիոկայանը: Սուտը տարածելուն օգնեց դաշնակցական պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Մի ուշագրավ «լուր» էլ գնաց ռուսական մեդիադաշտում: Աշտարակի խճուղին փակվել էր մի քանի րոպեով: Ռուսական ազդեցիկ «Գազետա.ռու»-ն վերնագիր դրեց՝ «Հայաստանի քաղաքացիները սկսել են բողոքի ակցիաներ»:
Այս ամենը հուշում է, որ առաջիկա օրերին մեծ քանակությամբ ֆեյքերի ենք ականատես լինելու: Խնդրում եմ, որևէ վերնագիր տեսնելիս ստուգել տեղեկատվության իսկությունը, նոր հավատալ դրան:
Կոչ եմ անում նաև առավելագույնս տարածել այսօրինակ գրառումները, ինչը թույլ կտա զերծ պահել մեր քաղաքացիներին ավելորդ լարվածությունից:
Ցավոք, հիբրիդային պատերազմները շատ երկրների համար դարձել են լուրջ, բայց հաղթահարելի խնդիր»,- ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ խորհրդարանի արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և «Հայաստան» խմբակցության դաշնակցական անդամների միջև:
Դահլիճում իրավիճակը թեժացավ, պատգամավորները միջամտեցին՝ փորձելով իրավիճակը լիցքաթափել, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:
Նշենք՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հերքեց լուրերը, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը:
Ալեն Սիմոնյանն էլ ասաց, որ այդ ամենն արվում է նրա համար, որ վաղվա միջոցառամանն (Ջահերով երթ – խմբ.) ավելի շատ մարդ մասնակցի, բացի դրանից՝ հիշեցրեց՝ ցեղասպանության հերքումը արդեն իսկ քրեականացված է ՀՀ քրեական օրենսգրքով (հոդված 136 – խմբ.):