«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ կատարեց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում:
Համայնքի ամենակարևոր խնդիրը, բնակիչների խոսքով, ոռոգման ջրի հարցն է: Վարչապետի պաշտոնակատարը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ:
«Այգեգործական աշխատանքը կարող է ավելի հեշտ իրականացվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և բերքի արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է»,- հայտնեց Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այն տնտեսությունները, որոնք կաթիլային ոռոգման կանցնեն, հինգ տարի ջրի վարձ չեն վճարի:
Փաշինյանի խոսքով՝ խնդրի հիմնովին լուծումը փոքր ջրամբարներն են:
«Առաջիկայում փոքր ջրամբարներ կկառուցվեն»,- հայտնեց վարչապետի պաշտոնակատարը՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանն աջակցելու նպատակով: