Առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ. ՊԵԿ նախագահ

Հրաչ Սահակյան 27.01.2021 - 13:03
27.01.2021 - 13:03 դիտում

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագծերի փաթեթին:

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ։

«Նախագծով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ: Իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել hարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումն ու ամրապնդել հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները»,- նշեց Հովհաննիսյանը։

Նախագծով առաջարկվում է նաև օրենքով կարգավորել Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող տնտեսվարողների օրինապահության չափանիշները, մասնավորապես՝ գործունեության գնահատման ժամանակաշրջանն ու օրինապահ հավաստագրի գործունեության ժամանակաշրջանը:

Առաջին անգամ նախատեսվում է օրինապահության չափանիշների մեջ ընդգրկել նաև տնտեսվարողի արտաքին տնտեսական գործունեության գնահատկանը, այսինքն՝ արտահանումների և ներմուծումների ժամանակ վերջինիս կողմից օրենսդրության պահանջների կատարման պայմանները:

Ըստ վիճակագրության՝ 2020-ին օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 256 հարկ վճարող, արդեն բավարարվել է 140 դիմում, իսկ 2019-ի նույն ժամանակահատվածում դիմել է 134 հարկ վճարող, որոնցից բավարարվել է 93-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ