Առաջարկում եմ քննարկել ՀԷՑ-ի գործունեության հետ կապված ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը. Կոնջորյան

3.07.2025 - 13:22 դիտում

Նորից ուզում եմ կոչ անել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք այս օրերին զբաղված են այնտեղ քաղաքական գործունեությամբ, քաղաքական խարդավանքներով, շատ շուտով ազատվելու են աշխատանքից, երկրորդ՝ այն աշխատակիցները, այն անձինք, որոնք ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել տարատեսակ հավաքների, ՀՀ օրենսդրության համաձայն, ընդհուպ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եվ այն աշխատակիցները, որոնք չեն տրվելու այդ ճնշումներին, նրանք անմիջապես վերականգնվելու են իրենց աշխատանքին և նրանց չվճարված, բաց թողնված աշխատավարձերը վճարվելու են: Այս մասին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա ուզում եմ այս ամբիոնից հերթական անգամ կրկնել, որպեսզի կոնկրետ մարդիկ ականջներին օղ անեն»,- ընդգծեց Կոնջորյանը:

Նա կոչ արեց ընդդիմությանը «այդքան խորը չմտնել Սամվել Կարապետյանի քսակի մեջ, որովհետև դա որևէ հետևանքի չի հանգեցնելու»:

«ՀՀ տերը Հայաստանի ժողովուրդն է, այդ թվում՝ պետական ռեսուրսների, և քաղաքական գործունեություն իրականացնող ուժերի քաղաքական տերը ևս ՀՀ ժողովուրդն է: Դուք ի՞նչ տիրոջ եք ծառայում, երբ քանի օր արդեն զբաղված եք կոնկրետ մարդկանց, կոնկրետ շրջանակների, Հայաստանից դուրս կապիտալ կուտակած շրջանակների քաղաքական շահերի պաշտպանությամբ:

Ապօրինի գույքի ու թալանի իրական շահառուները եկել են, մեզ մեղադրում են ունեցվածք խլելու մեջ: Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ը խլելու մասին չէ, սա ՀԷՑ-ը իրենց տերերին՝ Հայաստանի ժողովրդին վերադարձնելու մասին է»,- ընդգծեց Կոնջորյանը:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նրան մեղադրեց «սրբապիղծ տեռորիստների կողքը կանգնելու համար»:
Եզրափակելով խոսքը՝ Կոնջորյանը գործընկերներին առաջարկեց քննարկել նաև ՀԷՑ-ի գործունեության հետ կապված՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:
«Այդ քննիչ հանձնաժողովում մենք կփորձենք բազմաթիվ հարցերի պատասխան տալ՝ սկսած ՀԷՑ-ի մասնավորեցումից, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, մինչև մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին:

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ