Գյումրու կենտրոնական հրապարակում նախատոնական տրամադրություն է, մինչդեռ համայնքապետարանում՝ արտահերթ նիստ: Արտահերթ նիստը հրավիրել էր ՔՊ- խմբակցությունը, օրակարգում մեկ հարց է՝ երկու տասնյակից ավելի իրավական դաշտում գտնվող գործերով: ՀՀ գլխավոր դատախազությունը գրություններ է ուղարկել Գյումրի համայնքի ավագանուն՝ ներկայացրել առաջարկություններ Գյումրու քաղաքապետի թվով 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ։ Դրանք պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր են, որոնք առնչվում են Գյումրու նախկին երկու քաղաքապետերի՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կայացրած թվով 24 որոշումներին։ Առաջարկություններում հիմնավորվել է, որ Գյումրու քաղաքապետի մի շարք որոշումներով խախտվել են պետության կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական, համայնքային շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։ Խոսքը Գյումրու մի շարք շենքերին և հողատարածքներին է վերաբերում, որոնք օտարվել են օրենքի խախտումներով։ Այդ գույքերի թվում են Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Գորկու այգում գտնվող «Օազիս» ռեստորանի տարածքը, Սև բերդն ու դրան հարակից հողատարածքները և այլն։