Աշխատանքային այցով Անի համայնքում էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը

Աննա Կոստանյան 17.05.2022 - 09:51
17.05.2022 - 09:51 դիտում

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այցով մայիսի 16-ին եղել է Անի համայնքում։ Մարզպետն այցելել է «Մարալիկի առողջության կենտրոն», որը սպասարկում է տարածաշրջանի 17 բնակավայրերի 18 հազարից ավելի բնակչի, շրջել բուժհաստատությունում, ծանոթացել պայմաններին, հանդիպել աշխատակիցներին։
Նազելի Բաղդասարյանը կարևորել է ազգաբնակչության բուժսպասարկման որակով ու ժամանակին իրականացումը։ Մարզպետին հավաստիացրել են, որ Անիի տարածաշրջանի բնակիչների առաջնային բուժօգնությունն ու բուժսպասարկումը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններն առկա են, բուժհաստատությունն այս պահին ունի միայն նոր ռենտգեն սարքավորման կարիք։
Մարզային իշխանության ներկայացուցիչները համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել են Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկա, որտեղ ֆաբրիկայի համասեփականատեր Գևորգ Գասպարյանը մարզպետին ներկայացրել է աշխատանքների ընթացքը, վերջին երեք տարիների գործունեության արդյունքներն ու առաջիկա անելիքները։

Թելերի միակ արտադրությունը Հայաստանում իրականացվում է նորագույն տեխնոլոգիաների համակցմամբ։ Գործարանն արտադրում է գործվածքային թելեր, որոնք օգտագործվում են ձեռնոցների, գուլպաների ինչպես նաև կտորներ,սրբիչներ արտադրելու մեջ:

Ընկերությունը նաև վերամշակում է ՀՀ այլ տեքստիլ ընկերությունների թափոնները՝ ստանալով վերականգնված բամբակ, որը հետագայում կրկին վերածվում է թելերի: Համակցելով վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի հետ՝ ընկերությունը ստանում է ամբողջական, էկոլոգիապես մաքուր արտադրանք:

Մարզպետը եղել է նաև Լանջիկի նորակառույց մանկապարտեզում, շենքը շահագործման է հանձնվել 2021 թվականի դեկտեմբերին, կառուցվել է շվեյցարահայ բարերարների միջոցներով։ Մանկապարտեզն այժմ ունի 23 սան։ Կարևորելով նախադպրոցական կրթության որակի և հասանելիության բարձրացումը մարզում՝ Շիրակի մարզպետն հանձնարարել է պատասխանատուներին ամբողջական վերլուծել մարզի բնակավայրերում առկա ռեսուրսները, խնդիրներն ու ներուժը և ամեն ինչ անել պետական արդեն մեկնարկած տարբեր ծրագրերում ընդգրկվելու համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ