«Նյութական վնասը գնահատվում է. խնդրով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը»,- նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հրատապ մեկնել է Ճամբարակ:
Նա ընդգծել է, որ էլի են եղել նման իրավիճակներ, և կառավարությունը բոլոր դեպքերում պատշաճ արձագանքել է:
«Տարածքում առկա հյուրանոցային համարները գույքագրված են, և անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով»,- վստահեցրել է Խուդաթյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ: