Անցակետի տեղադրումը իր հետևանքներով չափազանց վտանգավոր և աղաղակող խախտում է. Միրզոյան

Աննա Կոստանյան 28.04.2023 - 15:13
28.04.2023 - 15:13 դիտում

Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը տեղի է ունենում դժվար ժամանակաշրջանում, երբ Հայաստանը կանգնած է տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առաջ: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ի հեճուկս միջազգային հանրության քննադատությունների և Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող վճռի՝ Լաչինի միջանցքի՝ ավելի քան 4 ամիս տևած արգելափակումից հետո ապրիլի 23-ին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել է Լաչինի միջանցքը՝ քայլեր ձեռնարկելով ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում, հսկիչ-անցագրային կետ տեղադրելու ուղղությամբ:

Սա եռակողմ հայտարարության հերթական, բայց թերևս իր հետևանքներով չափազանց վտանգավոր և աղաղակող խախտում է: Դրա և ԼՂ-ն լքելուն ուղղված Ադրբեջանի իշխանությունների բացահայտ կոչերի, ատելության խոսքի հետևում հնարավոր չէ չտեսնել ԼՂ-ում էթնիկ զտումների իրականացման իրական սպառնալիքը: Սա պետք է պարզ լինի նաև միջազգային հանրության համար, և այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել եմ միջազգային անվտանգության մանդատով օժտված՝ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու, այդ թվում՝ ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից 2 տարի անց անգամ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդառված քաղաքացիական անձանց:

«Չնայած Հայաստանի՝ առկա խնդիրները կառուցողական բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամության՝ Ադրբեջանը շարունակում է ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան և շարունակական ագրեսիվ գործողությունները, որոնք սադրիչ են և հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքով ընդունված հայտարարություններին»,- ասաց նա:

Ելույթի ավարտին Միրզոյանը նշեց, որ ՀՀ-ն հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը, այդ նպատակով ՀՀ-ն շարունակում է բանակցությունները Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ