Այս պահին Հայաստանի սահմաններին կուտակում արձանագրված չէ․ Սուրեն Պապիկյան

Աննա Կոստանյան 15.03.2023 - 15:28
15.03.2023 - 15:28 դիտում

էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ նաև հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները, այդ թվում՝ նաև ագրեսիվ հռետորաբանությունը, բնականաբար, պետք է լինենք աչալուրջ և պատրաստ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք էսկալացիայի դեպքում դիմելու ենք մեր գործընկերներին՝ Պապիկյանն ասաց. «Անհրաժեշտության դեպքում կդիմենք, հիմա եկեք չխոսենք չեղած բանի մասին: Ասում եք՝ պատրա՞ստ եք դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»:

Անդրադառնալով ԼՂ և ՀՀ սահմանին կուտակումների վերաբերյալ հրապարակումներին՝ Սուրեն Պապիկյանն ասաց, որ ՊԲ-ն մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, ռուս խաղաղապահներն են դրա մասին ամեն օր հաղորդագրություն տարածում:

«Ինչ վերաբերում է ՀՀ սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ, բայց սա չի ենթադրում, որ մենք դրանով մեր աչալրջությունը պետք է դադարեցնենք կամ պակասեցնենք: Քանի որ խոսվում է՝ պատրա՞ստ ենք և այլն, չստացվի՝ մենք պատերազմի մասին ենք խոսում կամ պատրաստվում ենք պատերազմի: Մենք մեր խաղաղության օրակարգից չենք շեղվում, բայց չի նշանակում որ մեր երկրի սահմանները կամ տարածքային ամբողջականությունը սակարկելի է»,- ասաց Սուրեն Պապիկյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ