Այս գիրքն ասում է՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ. Նիկոլ Փաշինյան

Աստղիկ Խաչատրյան 18.06.2025 - 18:55
18.06.2025 - 18:55 դիտում

Իմ լրագրողական գործունեության ընթացքում, չգիտեմ՝ ինչպես է պատահել, բայց այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը, երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 18-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ինչու է հենց այս պահին խոսվում Կառավարություն-Եկեղեցի հարաբերությունների մասին, և թե ինչու են հենց այս պահին բարձրաձայնվում «արատավոր» խնդիրները:

«Ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ: Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է վերաբերվեմ այս ամեն ինչին, և ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու ավանդի և կանոնների»,- ասաց նա:

Ընդդիմադիրների քննադատություններին, թե վարչապետը, վերոնշյալ թեմաներին անդրադառնալով, կուսության հարց է քննարկում, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր Եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի Եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի Եկեղեցին: Ընդ որում՝ հիմա կուսակրոն քահանաներն ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ: Հիմա ամուսնացյալ քահանաներն ամուսնացած մարդիկ են, և ոչ մի վերապահում նրանց նկատմամբ չկա, որովհետև նրանք իրենց ուխտը չեն խախտել:

Բայց հարցը հետևյալն է. եթե նրանց մի մասը դե ֆակտո ամուսնացած է և կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բա ինչո՞ւ է ղեկավարում: Ընդհակառակը՝ ամուսնացյալ քահանաներն այս համատեքստում և՛ հոգևոր, և՛ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետև նրանք իրենց հոգևոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգևոր ուխտը խախտել են»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ առաջնորդվում է Հայ Առաքելական Եկեղեցու կանոններով՝ 2020 թվականի՝ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հրատարակության «Համաբարբառ կանոնագիրք հայոց» կոչվող կանոնների ժողովածուով, որտեղ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչ է տեղի ունենում:

Վարչապետն ընթերցեց թեմային առնչվող մի հատված գրքից. ««…Նրանց մասին, որոնք չափահաս են դառնում, և խոստանում են կուսությունը պահել և դրժում են խոստումը (հոգևորականների մասին է), շնություն անելով՝ այլևս կույս չեն կարող համարվել…»:

Այսինքն՝ կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը:

«… այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն, և նրանց համար սահմանվելու է երկու տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, և մտնելով եկեղեցի՝ 1 տարի ապաշխարողների հետ կլինեն, կտեսնեն ապաշխարության ջերմությունը և հաղորդ կլինեն օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան, ինչպես այն կույսերը, որ մերձենում էին նրանց՝ որպես քույրեր: Այդպիսիներին պետք է արգելենք, որ նման բան չլինի»»,- մեջբերեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ Հայ Առաքելական Եկեղեցու այս կանոնը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար:

«Այս գիրքն ասում է՝ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ, իրավունք չունի հաղորդակցվել մեր Եկեղեցու սրբությունների հետ: Կանոնը ասում է՝ Եկեղեցուց դուրս պիտի մղվի, և նրա կողմից սրբություններին դիպչելը սրբապղծություն է»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ երբեք իր հոգևոր զգացումները չի թաքցրել, իսկ այժմ առերեսվել է փաստի հետ, որ իր «սրբություն սրբոցում տեղի է ունենում պղծություն», ուստի չի կարող չարձագանքել:

«Ո՞նց կարող ենք մենք թույլ տալ, որ վեհարանում գտնվի մի մարդ, որ արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած ուխտը: Ո՞նց կարող ենք մենք դա հանդուրժել: Եվ ոչ միայն նա… Ես չեմ հանդուրժելու դա: Սա հանուն Եկեղեցու է, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է ուխտադրուժ, երդմնազանց, պղծաբարո ներկայությունից ազատվի»,- ասաց նա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ