Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. Հայաստանում 2021-ից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը

4.02.2024 - 13:58 դիտում

Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է. «Շտկել բուժօգնության բացերը» (Close the care gap):

ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 մլն նոր դեպք և շուրջ 10 մլն մահացության դեպք:

Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8143:

Վիճակագրական տվյալներով` տղամարդկանց շրջանում առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի, լյարդի, միզապարկի և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և պարանոցի, իսկ վերջին տարիներին թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղների դեպքերի աճի միտում է գրանցվել:

Իրականացվող ծրագրերը

2019 թվականից քաղցկեղով պացիենտների ուռուցքաբանական վիրահատություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։

Հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով պացիենտների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով` TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով, իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում, իսկ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժումը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով:

Հաստատված չարորակ նորագոյացության ախտորոշման դեպքում հատուկ և դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները ևս իրականացվում են անվճար:

Կարևորելով պալիատիվ բուժօգնության դերն ու նշանակությունը` Հայաստանում 2022 թվականին պալիատիվ բժշկական օգնության գծով պետական պատվեր է տեղադրվել շուրջ 17 բժշկական հաստատությունում:

2022 թ. դրությամբ` Երևանում և մարզերում պալիատիվ բուժօգնության ծառայություն են մատուցում շուրջ 37 արտահիվանդանոցային և հիվանդանոցային հաստատություններ:

ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում գործում է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կենտրոնը:

2022 թվականից ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան նոր պալիատիվ ծառայության կլինիկա:

Վաղ ախտորոշման հաջողված գործիքներից են սքրինինգային ծրագրերը:

Շարունակվում է 30-60 տարեկան կանանց շրջանում իրականացվել արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը` ՊԱՊ թեստի հետազոտությունները:

2021 թվականից մեկնարկել է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագիրը: Շարժական մամոգրաֆը տեղակայվել է Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում` սպասարկելով համապատասխան տարածաշրջանների 50-69 տարեկան կանանց:

2022 թվականին փորձարարական կարգով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայում և Գյումրու «Բեռլին պոլիկլինիկայում» ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որը կշարունակվի նաև այս տարի:

Բարեհաջող շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ I-III փուլ Her(+) պացիենտներին, անվճար տրամադրվում են շվեյցարական նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ 600մգլ» դեղը` յուրաքանչյուրին ամբողջ բուժման համար անհրաժեշտ քանակով, ինչի շնորհիվ բարելավվել է նրանց կյանքի որակը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ