Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 մարզերի 5 համայնքներում

Աստղիկ Խաչատրյան 14.11.2021 - 10:29
14.11.2021 - 10:29 դիտում

Հայաստանի հինգ համայնքում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում մեկնարկել են համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ:

Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի են ունենում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում ընթանում է համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ընտրություններին չեն մասնակցում, միայն Իջևան քաղաքում «Հայաստան» դաշինքի մաս կազմող Դաշնակցությունն է ընտրապայքարին մասնակցում: Եվ այսպես, Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը, Իջևանում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը, իսկ Կապանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հետ ընտրապայքարի մեջ կլինի «Շանթ» դաշինքը:

Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2020-ի նոյեմբերին՝ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո։ «Բարգավաճ Հայաստանը» ներկայանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանի առաջնորդությամբ, իսկ Հայ ազգային կոնգրեսի առաջին համարը Վանո Հակոբյանն է:

Իջևանում իշխող ուժի ցուցակը գլխավորում է համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ճաղարյանը, իսկ Դաշնակցության թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է: Սյունիքի մարզկենտրոնում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, նրա մրցակիցը՝ գործող քաղաքապետ, անկուսակցական Գևորգ Փարսյանը, որն առաջադրվել է «Շանթ դաշինքի» ցուցակով։

Արզնիում ավագանու անդամները կա՛մ «Քաղաքացիական պայմանագրից» են, կա՛մ անկուսակցական, իսկ ազգային փոքրամասնությամբ բնակեցված Լերմոնտովոյում առաջադրվել են երկու անկուսակցական թեկնածուներ, որևէ կուսակցության չեն անդամակցում նաև ավագանու առաջադրված անդամները:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ