Այսօր մեկնարկում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը

23.04.2023 - 11:24 դիտում

2004 թվականից ամեն տարի իրականացվում է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրացնել իմունականխարգելման մասին հանրության իրազեկվածությունն ու պատվաստումների միջոցով զերծ պահել բնակչությանը վարակիչ հիվանդություններից: Այս տարի այն մեկնարկում է ապրիլի 23-ին և կշարունակվի մինչև ապրիլի 29-ը։ Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

2023 թվականի «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության կարգախոսն է «Յուրաքանչյուր դեղաչափը կարևոր է», «Ժամանակը կարևոր է»՝ նպատակ ունենալով արժևորել լիարժեք և ժամանակին իրականացված պատվաստումների դերն ու նշանակությունն անձի առողջության և բարեկեցության համար:
Պատվաստանյութերի լայնածավալ կիրառումն ամբողջ աշխարհում մեծ հեղափոխություն էր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում, ընդհուպ մինչև դրանց վերացումը։ Արդյունքում աշխարհում, ընդհանուր առմամբ, կտրուկ նվազել է կառավարելի (պատվաստումներով հսկվող) հիվանդությունների մակարդակը և այդ հիվանդությունների պատճառով մահվան դեպքերը: Այսօր արդեն փաստ է բնական ծաղկի վերացումը, իսկ պոլիոմիելիտի, կարմրուկի, կարմրախտի, դիֆթերիայի, վիրուսային հեպատիտ Բ-ի վերացումը հնարավոր է և հասանելի:
Հայաստանի Հանրապետությունում պլանային պատվաuտումների միջոցով կանխարգելվող վարակիչ հիվանդություններն են` դիֆթերիա, կապույտ հազ, փայտացում, կարմրուկ, կարմրախտ, համաճարակային պարոտիտ (խոզուկ), պոլիոմիելիտ, հեպատիտներ «Ա» և «Բ», տուբերկուլոզ, հեմոֆիլուսային Բ տիպի, ռոտավիրուսային, մենինգակոկային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային վարակներ, տուլարեմիա, սեզոնային գրիպ, կատաղություն, որոնք ներառված են պատվաuտումների ազգային oրացույցում: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման գործընթացում ևս կարևոր է պատվաստանյութերի դերն ու նշանակությունը, այդ թվում` բուստեր դեղաչափով՝ հնարավորություն ընձեռելով կանխարգելելու հիվանդության ծանր ձևերը և մահվան դեպքերը:
ԱՆ-ից հիշեցնում են՝ վարակիչ հիվանդություններից պաշտպանության ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ