ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան ԱԺ հայտարարության ընդունման կապակցությամբ, որի նպատակն է դատապարտել ահաբեկչությունը ՀՀ-ի դեմ: Այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Արդեն մուտք են արվել ստորագրություններն ԱԺ աշխատակազմ: Մենք մի քանի ժամ հետո կունենանք ԱԺ խորհրդի նիստ, և խորհրդի նիստի ավարտից հետո՝ 17:00-ին, կունենանք ԱԺ հերթական նստաշրջանի մեկնարկը»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու քննարկումներին, քանի որ այն, ինչ ներկայացվում է որպես քննարկում, «ուղղորդում է և ուղիղ միջամտություն իրավական մարմինների աշխատանքներին»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտարարեց, որ խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին՝ պատճառաբանելով, թե «իշխանության կազմակերպած քարոզչական շոուներին» չեն մասնակցում:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, խոսքն ուղղելով Արծվիկ Մինասյանին, կարծիք հատնեց, թե «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու, քանի որ ներգրավված է եղել «այդ ամենի» կազմակերպմանը:
Նախօրեին տեղեկացրել էինք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության և ժողովրդավարության պաշտպանության» մասին։