2022 թվականի օգոստոսի դրությամբ պետությունների թիվը, որ ՀՀ-ին զենք էին վաճառում, զրո էր: Ոչ թե 1-2, այլ զրո: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ 2022 թվականի օգոստոսի դրությամբ նույնիսկ եղել է իրավիճակ, երբ միլիոնավոր դոլարներով կանխավճարներ էին փոխանցվել զենքի համար, բայց զենքը չէր գալիս ՀՀ: Հայաստանի համար փակ էին զենքի մատակարարման բոլոր շուկաները, և դա ուներ 2 հիմնական պատճառ:
«Առաջինը՝ ասում էին, որ դուք ՀԱՊԿ անդամ եք, և զենք վաճառելիս մենք նաև ալգորիթմներ ենք վաճառում, որովհետև այսօրվա զենքը 30 տարի առաջվա զենքը չէ, զենքը՝ առանց ալգորիթմի, ոչ մի բան է: Ասում էին՝ տեսնում ենք, որ կարող եք այդ ալգորիթմները այլ տեղ շրջանառել, և դա մեզ համար անվտանգության սպառնալիք է:
Երկրորդը՝ մեզ ասում էին, որ մենք ոչ միայն չունենք համոզվածություն, որ մեր տրամադրած զենքը չեք օգտագործելու Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս, այլև ունենք որոշակի համոզվածություն, որ այդ զենքերը կարող են օգտագործվել ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Պրահայի համաձայնությունը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Այդ համաձայնությունից հետո, նաև Հայաստանի անդամությունը ՀԱՊԿ-ում պասիվացնելուց և սառեցնելուց հետո՝ այսօր, աշխարհի բոլոր զենքի շուկաները (կարող է 1-2 բացառություն լինել, մեծ հաշվով՝ բոլոր զենքի շուկաները) բաց են ՀՀ-ի համար: Դրա արդյունքը բոլորդ տեսաք 2026 թվականի մայիսի 28-ին:
Մեր հարևաններից ոչ մեկն այդ զորահանդեսից ու այդ տեսարաններից միջազգային պրոբլեմ չսարքեց, որովհետև հստակ էր, որ դա hիմնված է լեգիտիմության սկզբունքի վրա, այն հանձնառության վրա, որ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված իր տարածքից դուրս իր բանակը չի կիրառելու: Ինչքան այս պնդումը ինստիտուցիոնալ դառնա, այնքան Հայաստանի բանակի պաշտպանունակությունը և պոտենցիալը կմեծանան»,- ասաց նա:
