Ամփոփվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման ուղղությամբ կատարված աշխատանքները

Աննա Կոստանյան 5.04.2023 - 17:04
5.04.2023 - 17:04 դիտում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023 թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:

«Ծանրամարտի Եվոպայի առաջնության բացմանը մնացել է 10 օր, և այս հավաքով մենք կամփոփենք արված աշխատանքները, կտրվեն վերջին հանձնարարականները: Այս ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի հետ աշխատել ենք միջոցառման կազմակերպման ուղղությամբ: Երեկ այցելել եմ «Կիլիկիա» մարզադպրոց, որը լինելու է այս մրցումների հիմնական մարզումային սրահը. մենք նմանատիպ վերանորոգված, վերակառուցված, նման հնարավորություններով դահլիճ Հայաստանում չունենք: Կոնկրետ մարզադահլիճը ծանրամարտի առաջնությունից հետո ծառայելու է որպես բադմինթոնի, թենիսի մարզադահլիճ և, ըստ էության, վերանորոգումից հետո հանձնվելու է Երևանի քաղաքապետարանին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, հստակեցվել են նախապատրաստական ընթացիկ աշխատանքների ուղղությամբ առաջիկա անելիքները, քննարկվել են անվտանգության ապահովման, մարզիկների, պատվիրակությունների դիմավորման և տեխնիկական այլ հարցեր:

Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է Հայաստանում ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը պատշաճ մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առաջնությունը տեղի է ունենալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Առաջնության բացման արարողությունը կայանալու է ապրիլի 14-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ