Ամուսնուն առևանգել, կնոջից գումար են պահանջել. կան ձերբակալվածներ

2.07.2025 - 16:29 դիտում

Հունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է տվել, որ նախորդ օրը`ուշ երեկոյան, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն:

Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

«Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել անհայտ ուղղությամբ։ Ավելին՝ նրանցից մեկն առավոտյան զանգահարել է կնոջն ու պահանջել գումար:

Մայրաքաղաքի քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողներից երկուսի ինքնությունը`Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ 36 և 34 տարեկան եղբայրներ:

Մարդուն առևանգելու և ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունիսի 30-ին` ժամը 14-ին, Կամարիս գյուղում եղբայրները ձերբակալվում են և ներկայացվում քննչական բաժին։

Ձեռնարկվում են միջոցառումներ առևանգման մասնակից մյուս երկուսին հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ