ԱՄՆ-ն 1 մլն դոլար կտրամադրի Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացի համար

Գոհար Ստեփանյան 7.04.2021 - 11:54
7.04.2021 - 11:54 դիտում
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1 մլն դոլար է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ Կառավարության ջանքերը։
Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան 11 մլն դոլար։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական զարգացման և տնտեսական աճի վրա համավարակի երկրորդային և երրորդային ազդեցությունները մեղմացնելու համար:
ԱՄՆ ՄԶԳ-ն այս ֆինանսական միջոցները հատկացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է. «Համաճարակի ողջ ընթացքում ԱՄՆ-ն գործակցել է Հայաստանի հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում: Այս նոր օժանդակության միջոցով մենք կշարունակենք աշխատել միասին՝ հաղթահարելու COVID-19-ը և նախապատրաստվելու հանրային առողջության հետագա սպառնալիքներին»:
Համավարակի բռնկումից մինչ օրս Միացյալ Նահանգները սերտորեն գործակցում է Հայաստանի հետ՝ հանրային առողջության պահպանման և COVID-19-ի դեմ արձագանքն ուժեղացնելու ուղղությամբ: Այս համագործակցությունը ներառում է լաբորատոր կարողությունների ամրապնդման և ծանր դեպքերի կառավարման ֆինանսավորում, հիմնական սարքավորումների ապահովում, աջակցություն խոցելի տնային տնտեսություններին և երեխաներին, Հայաստանի կառավարության ճգնաժամային հաղորդակցության խթանում, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքի ուժեղացում, ինչպես նաև դիմակայունության խթանում փոքր բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին՝ դրամաշնորհների տրամադրման միջոցով:
ԱՄՆ-ն շարունակում է գլոբալ առաջնորդություն ցուցաբերել միջազգային առողջապահության և COVID-19 համավարակի դեմ պայքարում հումանիտար աջակցություն ցուցաբերելու գործում։ Այս ամենի հիմքում ընկած է 2001 թվականից ԱՄՆ Կառավարության ավելի քան 140 մլրդ ԱՄՆ դոլարի օժանդակությունը գլոբալ առողջապահական ծրագրերին և տեղական առողջապահական համակարգերի կարողությունների զարգացմանը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ