ԱՄՆ-ն Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ-ը չի տեսնում, Գազայում զոհերի թիվը հասել է 33 360-ի

9.04.2024 - 20:46 դիտում

Միացյալ Նահանգները Գազայում պաղեստինցիների ցեղասպանության նշաններ չի տեսնում` հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։

«Մենք ցեղասպանության վերաբերյալ ոչ մի ապացույց չունենք»,- ասել է Պենտագոնի ղեկավարը՝ ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ մեկնաբանելով Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները:

Օսթինի խոսքով՝ Գազայի հատվածում զանգվածային սովը կհանգեցնի բռնության աճի և հակամարտության ձգձգման պատճառ կդառնա: «Դա չպետք է տեղի ունենա: Մենք պետք է շարունակենք անել հնարավոր ամեն ինչ, որ Իսրայելին դրդենք մարդասիրական օգնություն ցուցաբերել»,- հավելել է նախարարը։

Միջազգային կազմակերպությունները շարունակ դժգոհություն են հայտնում, որ Իսրայելը Գազայի բնակիչների համար պարենի, դեղորայքի և այլ անհրաժեշտ հումանիտար ապրանքների բավարար հասանելիություն չի ապահովում: Ավելի վաղ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Իսրայելը սովն օգտագործում է որպես Գազայի հատվածում պատերազմի զենք:

****

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 33 360-ի, վիրավորվել է 75 993  մարդ: Այդ մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ վերջին օրվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներում գրանցվել է 153 մահ և 60 վիրավոր: Ընդ որում՝ մեծ թվով տուժածներ դեռևս փլատակներում և այնպիսի վայրերում են, որոնք շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության բրիգադների համար հասանելի չեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ