ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հետևելով Սենատին, հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփի «մեծ և հրաշալի» օրինագիծը, որը նախատեսում է հարկերի կրճատում և հնարավոր է՝ պետական պարտքի շեմի բարձրացում ավելի քան 4 տրիլիոն դոլարով, գրում է BBC-ն։ Հուլիսի 3-ին Կոնգրեսի 218 անդամ աջակցել է փաստաթղթին, իսկ 214-ը դեմ են արտահայտվել, դեմոկրատների հետ նաև երկու հանրապետական օրենսդիր։
Այժմ օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա որոշել է դա անել հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա երեկոյան։
Օրինագիծը նախատեսում է կրճատել հարկերը, ավելացնել ներգաղթային ծառայությունների ֆինանսավորումը և նվազեցնել Medicaid ծրագրին տրամադրվող հատկացումները, որ օգնում են վճարել աղքատների, հաշմանդամություն ունեցող անձանց, անապահով ընտանիքների երեխաների և այլ սոցիալական խոցելի անձանց բժշկական ծախսերը։ Միաժամանակ օրինագիծը նախատեսում է ավելացնել պաշտպանության ծախսերը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման համար։
Օրինագիծը, որն օրենքի ուժ կստանա նախագահ Թրամփի ստորագրելուց հետո, ունի բազմաթիվ քննադատներ քաղաքական դաշտից։ Ձախ կողմը քննադատում է ամերիկացիների ամենաանապահով կատեգորիաների համար սոցիալական ծրագրերի ծախսերը կրճատելու, իսկ աջը՝ ուռճացված ծախսերի համար, որոնք զգալիորեն մեծացնում են Միացյալ Նահանգների պետական պարտքը: