ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Է հրավիրել 110 երկրներ եւ տարածքներ

Աստղիկ Խաչատրյան 24.11.2021 - 11:32
24.11.2021 - 11:32 դիտում

ԱՄՆ պետդեպարտամենտն իր կայքում հրապարակել է 110 երկրների ցանկը, որոնք հրավիրված են մասնակցելու նախագահ Ջո Բայդենի կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին։ Այն կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը վիրտուալ ռեժիմով:

Հրավիրված են ԵՄ անդամ բոլոր երկրները՝ բացի Հունգարիայից։ Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել ՆԱՏՕ-ի ԱՄՆ դաշնակից Թուրքիան։ Նախկին ԽՍՀՄ երկրներից հրավիրյալների ցանկում են Ուկրաինան, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան։ Մասնակիցների թվում չեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը։ Հրապարակված ցուցակի համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չեն ստացել նաև Ռուսաստանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի արաբական երկրները, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան, Նիկարագուան, Սուդանը և Եթովպիան, ինչպես նաև Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի մի շարք երկրներ։

Բայդենը նախատեսել է նաև մի շարք միջոցառումներ անցկացնել քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մոտ մեկ տարի հետո ԱՄՆ նախագահը կհյուրընկալի երկրորդ գագաթնաժողովը՝ «ձեռք բերված առաջընթացը գնահատելու և ընդհանուր ուղի գծելու համար»:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ գագաթնաժողովի նպատակն է «խթանել պարտավորություններն ու նախաձեռնությունները երեք հիմնական թեմայի հարցում՝ պաշտպանություն ավտորիտարիզմից, կոռուպցիայի դեմ պայքար և աջակցություն մարդու իրավունքները հարգելու գործում»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ